Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Արյան անվտանգ ու որակյալ փոխներարկում

Արյան անվտանգ ու որակյալ փոխներարկում

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից
Գործադիրը երեկվա նիստում հաստատեց փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգը, եւ այդ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Ի՞նչ է, մինչ այժմ բա՞ց էր այս ոլորտը։ Ինչպես պարզաբանում է առողջապահության նախարարությունը, որոշումն ընդունվեց՝ նպատակ ունենալով ամրագրել փոխներարկումային բժշկական օգնության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները եւ ապահովել փոխներարկումային բժշկական օգնության անվտանգությունն ու որակը։


Բանն այն է, որ վերջին տարիներին նոր տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ արյան բջջային կազմի ու պլազմայի սպիտակուցների խորացված ուսումնասիրություններ եղան, եւ այդ հետազոտությունները պատճառ դարձան վերանայելու ամբողջական արյան փոխներարկման հարցը։ Համաձայն ժամանակակից փոխներարկաբանության, ամբողջական արյան փոխներարկումը ոչ միայն արդյունավետ չէ, այլեւ կարող է վտանգավոր լինել։ Այդ իսկ պատճառով փոխներարկումային բուժօգնության ոլորտում ընդունվեց նոր մոտեցում՝ հիվանդին փոխներարկել միայն տվյալ իրավիճակի համար անհրաժեշտ արյան բաղադրամասը։


Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, աշխարհում տարեկան ավելի քան 93 մլն արյան բաղադրամասերի փոխներարկում է իրականացվում։ Փոխներարկումային բուժօգնությունը լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձագինեկոլոգիական, վերակենդանացման եւ արյունաբանության ոլորտներում։ Ու չնայած բուժական մեծ արդյունավետությանը, դոնորական արյունը հիվանդի համար օտարածին սպիտակուց է եւ արյան միջոցով տարածվող վարակների հնարավոր փոխանցող։ Ուստի փոխներարկման համար անհրաժեշտ պահանջներից են արյան մանրակրկիտ հետազոտությունները հնարավոր վարակների հայտնաբերման նպատակով, ինչպես նաեւ տվյալ հիվանդի համար արյան բաղադրամասի համատեղելիության որոշումը։


Կարգը սահմանում է, որ արյան բաղադրամասերի փոխներարկումը պետք է լինի բուժական տեսանկյունից հիմնավորված եւ հնարավորինս անվտանգ։ Փոխներարկումային բժշկական օգնության անվտանգությունը երաշխավորելու նպատակով կատարվում են դոնորական արյան փորձանմուշների հետազոտություններ՝ վարակային անվտանգության, խմբային եւ ռեզուս պատկանելիության հանդեպ։ Ի դեպ, դոնորական արյան փորձանմուշը պարտադիր հետազոտվում է վիրուսային հեպատիտ Բ-ի, վիրուսային հեպատիտ Ց-ի, ՄԻԱՎ (մարդու իմունային անբավարարության վիրուս) վարակի, սիֆիլիսի եւ բրուցելյոզի նկատմամբ։ Իսկ փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունը պետք է ապահովի արյան բաղադրամասերի պաշարների առկայությունը՝ ելնելով յուրաքանչյուր 10 (վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական եւ վերակենդանացման ուղղվածության) մահճակալին չորս միավոր արյան բաղադրամաս համամասնության հաշվարկից։ Փոխներարկումային բժշկական օգնություն կարվի հետեւյալ ցուցումների դեպքում՝ արյան զանգվածային կորստի, արյան չարորակ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, արյան ժառանգական հիվանդությունների, հեմոլիտիկ սակավարյունությունների (ժառանգական, ձեռքբերովի), մակարդման եւ հակամակարդման գործոնների պակասի։ Փոխներարկման ժամանակ բարդությունների առաջացման առաջին իսկ նշանների դեպքում փոխներարկումը պետք է դադարեցվի։ Փոխներարկման ընթացքում կարող են առաջանալ հետփոխներարկումային բարդություններ, որոնք լինում են արագ զարգացող եւ ուշ զարգացող։ Փոխներարկումային բարդություններն արտահայտվում են դողով, սարսուռով, սրտի ռիթմի խանգարումներով եւ այլն։ Արագ զարգացող բարդություններն են, օրինակ, ալերգիկ եղնջացանը, սուր թոքային անբավարարվածությունը, իսկ ուշ զարգացողը՝ ընդդեմ տիրոջ պատվաստը, վարակային բարդությունները՝ պարազիտար, բակտերիալ, վիրուսային, օրգանիզմի գերհագեցվածությունը երկաթով եւ այլն։
Որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսային մասում ավելացումներ չեն սպասվում։

Հեղինակ. Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ